Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ

03 հունիսի, 2021

Հունիսի 2-ից 4-ը Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 4 տարի ժամկետով՝ ստանալով անդամների մեծամասնության աջակցությունը։

Նիստի ընթացքում միաձայն հավանության է արժանացել նաև Հայաստանի հայտը՝ 2022թ.-ին Հայաստանում անցկացնելու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի հերթական նիստը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության անդամ պետություններին աջակցության համար։

Ընտրությունների արդյունքը հնարավոր է եղել ապահովել արտաքին գործերի նախարարության, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և Զբոսաշրջության կոմիտեի ջանքերի շնորհիվ։

Տեղեկանք. Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (ԶՀԿ) ՄԱԿ գործակալություն է, որը պատասխանատու է կայուն, հասանելի զբոսաշրջության խթանման համար։ ԶՀԿ դիտարկում է զբոսաշրջութունը՝ որպես տնտեսական և ներառական զարգացման ու շրջակա միջավայրի պաշտպանության կարևոր խթան։ ՄԱԿ ԶՀԿ-ին անդամակցում է 159 պետություն, ինչպես նաև ավելի քան 500 փոխկապակացված անդամ՝ ներկայացնելով մասնավոր սեկտորը, կրթական հաստատությունները, զբոսաշրջության միությունները և զբոսաշրջության համար պատասխանատու տեղական մարմինները։

Տպել էջը